Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությանը` ԼՂ հակամարտող բոլոր կողմերին զենք վաճառելու էմբարգոյի վերաբերյալ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Շարմազանովն ընդգծեց, որ Շավարշ Քոչարյանը լուրջ քաղաքական գործիչ է, այն քիչ մարդկանցից է, ովքեր կոմպլեքս տիրապետում են ԼՂ հակամարտության պատճառներին և դրանց վերացման ճանապարհներին:
«Ես կարծում եմ, որ նա շատ հետաքրքիր կարծիք է արտահայտել: Հայաստանը խաղաղասեր երկիր է, մենք բացառապես խաղաղություն ենք քարոզում: Մենք սպառազինությունների մրցավազքով երբեք էլ հիացած չենք եղել և մշտապես քննադատել ենք: Բայց քանի դեռ Ադրբեջանը զինվում է, Հայաստանը պետք է առաջնորդվի «ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի» ,- նշեց Է. Շարմազանովը:
Նա հավելեց, որ խոսքը ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի մասին է: «Դժբախտաբար, մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ ունենք երկու հարևաններ, և Ալիևն ու էրդողանը Հիտլերի ու Մուսոլինիի նման միմյանց հետ մրցույթ են սկսել՝ պարզելու, թե ով է ավելի ֆաշիստ ու նացիստ: Այս իմաստով, բնականաբար, մենք պետք է շրջահայաց լինենք»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
Սերժ Սարգսյանի հայտարարությունից երկու ամիս է անցել, փաստորեն պատերա՞զմը խանգարեց, որ կառավարությունը բարեփոխումներ կատարեր, խնդիրներին արագ լուծումներ տար. «Առաջին լրատվական»- ի այս հարցին ի պատասխան Է. Շարմազանովը նշեց. «Հարցեր կան, որոնք լուծվում են, բայց որոնց արդյունքները երևում են մի քանի ամսից, մի քանի տարուց: Սերմը ցանվել է ՀՀ նախագահի կողմից, մենք բոլորս պետք է հոգ տանենք, որ յոնջաները սերմին կուլ չտան, որ սերմը դառնա առողջ Հայաստանի առողջ պտուղը»: